Wednesday 12 December 2012

Քեզ հավերժացրել եմ երազիս գրկում...



Եթե բախտ վիճակվեր ու նորից ապրեի, կյանքս կվատնեի` կրծքիս սեղմված մի թղթի նման մեկ կճմռեի, մեկ ցավից կուտեի,ա՛խ այդ դատարկ թերթը կլցնեի ցավով ...եթե բախտ լիներ մեկ անգամ էլ ես ապրեի, լոկ կշինեի քեզանից ոչ թե մեկ, այլ մի քանիսը, որ քո պակասը ես չզգայի, բայց կորուստը թակում է, անվերջ թակում փակ դռներս` մեկ քո պատկերը բերում, մեկ քո ուրվականը... Ստվերվիր, ստվերվիր իմ կյանքին, իմ շողքը դարձիր, որ ամենուր քեզ հպվեմ, երազներ տածեմ քո ստվերին...
Ա՛խ երանի Աստված լինեի, մեկ աշխարհում միայն քեզանից կստեղծեի, լոկ քո տեսքով, կհագցնեի աշխարհը լոկ քո տեսքով, կհավերժացնեի, ա՛խ երանի Աստված լինեի, ծովը քո երանգով կներկեի, իսկ գիշերը ա՛խ գիշերը քո բույրով կստեղծեի, կլցնեի քեզ ամենուր ու իմ սերը կվայելեի, կմարդանայի, միայն թե քեզ համբուրեի:
Աչքերդ բաց, կամարվիր իմ առաջ, հոգիդ բաց, չռիր շունչդ ամենուր, ես քեզ եմ ուզում շնչահեղձ եղած, քո շունչն եմ ուզում ես անվերջ շնչել, քո ա՛խ քո մարմինն եմ ուզում եմ ես տիրել, դե բաց, գեղեցկուհի, բաց գինոտ քո հոգին, թող որ հարբե՛մ, թող որ խմե՛մ , հարբեցողի նման օրորամ, ա՛խ այս կյանքում քեզանով լոկ ես ապրեմ: Բաց վարդ քո կրծքերը, լոկ մեկ հպումով թող որ շոյեմ, գիշերեմ քո, հենց քո մտքում, առավոտվեմ քո աչքերում, իսկ մայրամուտս թող որ լինի քո հոգում, հավերժ հավերժ կյանքվեմ ես քո կյանքին, անվերջ պարուրվեմ քո կյանքով, անվերջ ա՛խ անվերջ չգիտեմ դառնամ քո անտես հոգուն :
Օտարվել եմ ինքս ինձ հետ, օտարվել եմ աշխարհիս հետ, մեկ հեռվից եկող անցորդ եմ թվում, մեկ հեռու գնացող մի քոչվոր` օտարվել է ամեն բանը կյանքում: Քեզ եմ ուզում, իմ տուն ու օդևան, ա՛խ իմ կտուր, որ քամին քեզ ավերեց, որ աշունը քեզ փոթորկեց, որ կյանքը ինձ որբացրեց, թողեց անտուն: Մի հարց է վառվում իմ ներսում` մեկ մոխրանում, մեկ կայծ տալիս, մեկ բոցավառվում... անվերջ մի հարց, որի հարցը անգամ չի հարցվում, այլ ընդամենը հարցականն է երևում, ուր միայն հարցականի տեսքն է երևում: Մեկ գոռում է ցավացած կրակի նման, մեկ մոխրանում հառաչի նման,ա՛խ այդ հարցը անվերջ ինձ հարց է տալիս, սակայն չի հարցում, չի հարցակալում, այլ միայն հարց է թվում:
Գիշեր է առել հոգիս, առել իր գրկում` աստղոտել, մթացրել, կյանքի պատկերը սևացրել, երկնքում թաց անձրևից շինված աստղեր է փռել, մենություն ձայնով օրհներգ է հյուսել: Ա՛խ այս հոգիս, գիշեր է առել, առել իր մտքում ու կյանքի վրա մի նոր կյանք գրել: Մի նոր էջում գիշեր նկարել, ինձ ու քեզ ստվերել, մեր տեսքը գիշերացրել, որ թաքուն սիրենք, որ թաքուն գրկենք իրար, աշխարհից հեռու`այն կողմ, ուր անգամ ստվերներն են ստվերվում, ուր անգամ հետքերն են մթանում:

Քեզ նման, քո տեսքին նման մրսում է կարոտս, սառած մարմինս հենեմ խարույկ քո կրծքերին, անվերջ տաքանամ... Թող մրսած իմ կյանքը հենեմ խառույկ քո մեջքին, թող որ սառնությունս ճաքճքի մարմնիդ, թող նորից գրվեմ, կամ նորից ծնվեմ ա՛խ քո կույս բարուրված հուշերում, միայն թե հենեմ ինքս ինձ, հենեմ նուրբ քո մարմնին, հենեմ կարոտս քո սիրուն, հենեմ ցավս քո աչքերին ու առվանամ, հոսեմ հանդարտ, պաղ այտերիդ թողնեմ մի մաքրություն, թողնեմ մի գույն, ա՛խ կարոտի գույնը թողնեմ ու չքանամ, չքանամ քո հոգիներում, քամի դառնամ ու փոթորկվեմ, ա՛խ երանի ավերեմ հոգիդ ու ավերված կյանքի կրծքին նոր սեր հյուսեմ քո ներսում, քո հոգում ...Ա՛խ երանի կյանքը ես լինեի, որ ինձանով ապրեիր:
Պաշտում եմ մեկին, հեռվից հեռու, պաշտում սաստիկ սիրո հրով, պաշտում եմ, սակայն չգիտեմ թե ու՞մ եմ պաշտում, չգիտեմ իմ աչքերը ու՞մ են անվերջ սիրահարվում, ու՞մ հրով եմ ես անվերջ վառվում, մոխրանում ու բոցավառվում, ու՞մ ստվերով եմ ես գիշերը լուսավորվում, ա՛խ պաշտում եմ, անվերջ պաշտում եմ, սակայն չգիտեմ, թե ու՞մ եմ պաշտում, հանուն ինչի եմ ես այսքան տանջվում ` մեկ մեղեդու թևթևության նման լռություն եմ շոյում, մեկ մենության մեջ ամբոխի նման տանջվում եմ ցավից, ա՛խ ասա դու, կյանք. ո՞ր հեռվում ես նրան գտնեմ, որ իմանամ, թե ում եմ այսքան պաշտում :

Վառվում է ջերմությունը, տաքացնում հոգիս, սակայն ա՛խ այդ ջերմությունը հենց այնպես է վառում հոգիս, ուզում եմ կրակ դառնալ, որ էլ չտանջվեմ, որ մոխրանամ ու էլ չկայծեմ, ա՛խ սիրո ջերմությունն է տաքացնում հոգիս, սակայն այդ սիրուց վառվել եմ ուզում, ուզում եմ մոխրանալ այդ սիրուց, անվերջ բոցավառվեմ, այս ու այն կողմում խելագարի նման կրակեմ աշխարհը` վառվելով ու մոխրանալով անվերջ սիրեմ, աշխարհիս կրծքին մոխիրներս ցանեմ.. ա՛խ խելահեղություն է սիրով ապրել, սիրով շնչել, սիրով տարվել, խելահեղություն է աշխարհի կրծքին ցավ օրորել, օրոր ասել ու ցավից օրորվել: Ինձանից այն կողմ, աշխարհից հեռու, ցավում եմ անվերջ ու անվերջ սիրում, ինձանից այն կողմ, ինքս իմ աչքերից հեռու աշխարհ եմ փնտրում քո լիությամբ, քո տարողությամբ ես ծով եմ փնտրում, սակայն չեմ գտնում, քո աշխարհն եմ ուզում, քո հոգին, քո տեսքը` ամենուր, անսպառ ու անժամանակ... հավերժանալ եմ ուզում հենց քո հոգով, հավերժանալ անվերադարձ հավերժությամբ:
Հնչում է ձայնը, հեռվից հեռու հնչում է քո ստվերը, կարծես մի կորած երազի նման իր տիրոջն է նա անվերջ ճչում.. Քո ձայնը լռության մեջ իմ մենությունն է, իմ հոգին.. քո ձայնը ստեղներիս մի կտորն է հին, որ մաշվել է, էլ չի երգում, ա՛խ քո ձայնը լռության մեջ ինձ է մենակցում, քո տեսքով անտես, քո հոգով հոգի, ու՞ր ես իմ թռչուն, կյանքի ո՞ր երկնքում ես անվերջ սավառնում, ի՞նչ ես մտորում, ու՞մ ես դու փնտրում, ինձանից հեռու, ինձանից այն կողմ դու ո՞րտեղ ես սավառնում. երանի երկինքը լինեի, իմ կրծքին անվերջ քեզ առնեի, մեղմությունդ ցոլեի կապույտով, երանի լուսինն ել ես լինեի... Ա՛խ քո պատճառով երկինք եմ դառնում, քո պատճառով տիեզերք եմ դառնում, ամեն ինչ եմ դառնում, բայց ոչ դու, ես դու չեմ դառնում, ի՞նչ անեմ ասա, ասա, իմ հոգի, ո՞ր երկնքում ես դու ինձ ձայնում, ո՞ր երկնքից ես ինձ ճչում:
Քեզ հավերժացրել եմ երազիս գրկում, տեղի անտեղի անունդ տալով ես քեզ անգիր եմ արել, անգիր այս կյանքում, անտեղի քեզ սիրելով քեզ պաշտել եմ, պաշտել ավելին, անզգա քեզ տիրել եմ, այնքան եմ տիրել, որ տիրելուց անվերջ տրվել եմ քեզ, ասա ինչու՞ այսպես, ինչու՞ սերն էլ սրտի պես մեկ հարյուր է խփում, մեկ հինգ, մեկ այնքան է խփում, որ վառում է, կատվածահար է անում, ասա սերն է՞լ է արդյոք սիրտ, որ հիվանադանում է ու էլ երբեք չի բուժվում, որ մեռնում ու էլ երբեք չի ապրում, մի՞թե իմ սերն էլ իմ սրտի նման կամաց-կամաց հանգչում է, բայց երբեք չի մոխրանում: Ի՞նչ անեմ ես,երբ ցավից կուրացած իմ կյանքն եմ խառնում, կյանքիս ծոցում նստած ցավ եմ օրորում:
Հոգիդ բաց կամարվիր, կամարվիր աչքերիս առաջ, հոգնած աչքերիս, կուրացած ու մաշված աչքերիս առաջ:Քո հոգու լուսեղ երազը թող մի քիչ հանգստացնի շիկացած աչքերս, որտեղ դու կաս` ջերմում եմ ցավից, որտեղ քո տեսքն է, ա՛խ ինչքան եմ սիրում քեզ, երբ աչքերիս մեջ տեսանում եմ հոգիդ, պաշտում եմ, պաշտում քո մարմինը, իմ անտես սեր, իմ անտես կարոտ:

_____________
Քո գրկում, քո մութ գրկում ննջել եմ ուզում, հանգստացրու ինձ գիշեր, հանգստացրու օտար ցավը իմ, շոյիր աչքերս թաց, գրկիր ու օրօրիր որբացած երազներս, չքնաղ մի մութ տուր, որ ավերվեմ թաքուն, որ էլ չլինեմ, լինեմ աշխարհից հեռու` ինձանից այն կողմ, լինեմ հեռուներում, ա՛խ գիշեր հանգստացրու աչքերս, մթով պատիր ինձ, որ անձայն ու քարացած այս աշխարհում անգամ ես ինքս ինձ տեսնել չկարողանամ, ինձանից թաքնվեմ, հեռանամ ինքս ինձանից, միայն ննջեմ, հավերժ ննջեմ` մոռանալով ամեն բան, ես ապրեմ, սակայն ննջած, ա՛խ աշխարհից հեռու, սևի մեջ թաղված:
Սիրտս կոտրված, հոգիս որբացած ցած եմ նետվում, ցած` աշխարհից դուրս ու՞ր պիտի փախչեմ, ա՛խ ու՞ր փախչեմ, ո՞րտեղ փախչեմ, ու՞ր, ո՞րտեղ, ինչու՞...
Ա՛խ հոգնել եմ... գնում եմ մոռացվելու :

No comments:

Post a Comment