Thursday, 4 December 2014

«Ինձնից իմ մեջ ոչինչ չմնաց» ....... Վանիկ Հովակիմյան

 «Ինձնից իմ մեջ ոչինչ չմնաց» ....... Վանիկ Հովակիմյան



Եթե թվում է, թե հայացքիս մեջ կա հույս, կա լույս, որ թե հայացքս խաբում,  ասում է,  թե լավ է ամեն ինչ, ոչ սուտ է, հավատա՛, իմ մեջ ոչինչ չի մնացել ինձանից, ոչինչ չկա, ու չի մնացել, անգամ,  կես մի բան ինձանից:
Դատարկ եմ նույնքան, որքան հոգուս խորությունները լցված իմ մեջ, նույնքան խորը դատարկ եմ, նույնքան խորը ոչինչ է տիրում իմ՝ այս ցավերից հոգնած մարմնում:
Եվ, եթե թվում է, թե ծիծաղում եմ, ու ամեն ինչ լավ է, ո՛չ, սուտ է, գրողը տանի՛, ես լաց եմ լինում ծիծաղի տեսքով, թվում է, ամենը միայն  թվում է, հոգնել եմ իմ այս թվացյալ Եսից, հոգնել եմ այնքան, որքան հոգնել էի ժամանակին իմ լցված հոգուց, ու լցված է նա, բայց ոչ այն լիքով , ոչ այն լի լիության չափ տխրությամբ , այլ լցված է, ասեմ նորից` մի խորուբորդ, մի լռությամբ ․ ես դատարկ եմ ինձանից :

Ու ինձ ի՞նչ մնաց՝ ոչինչ չմնաց, կյանքս վատնեցի անվերջ փնտրումով ու ոչինչ չգտա, գտա լոկ ապրած մի դատարկ ու խորդ ներկա, այնքա՜ն օտար ու այնքա՜ն անպետք, որ ես էլ չիմացա՝ կյանքս ի՞նչ է ու ի՞նչ է հիմա․ լոկ նման եմ ճոճվող մի գորշության, ճոճվում եմ կախված անցյալի վզից, ու գլխի վրա շուռ եկած խեղդվում է, ասես, բայց համառ մի բան պահում է ինձ, գուցե արթնացող մի նորին բան, բայց զգում եմ նորից՝ ցավեցնելու է ինձ, ու՞ր է իմ ներկան, ու՞ր է իմ եսը, բայց ոչ թվացյալ, չկա ու չկա։ Ու ես զգում եմ մարմնիս վրա, որ ինձանից այլևս ոչինչ չմնաց , ու ես դատարկ եմ ինքս ինձանից, դատարկ եմ, հոգի՛ս :
Նորից իջնում է լռությունը դանդաղ, ինջնում է կրկին ձյան հետ միասին, սառն է ամենուր, սառն է ու օտար, և ինչպե՞ս, և ի՞նչ գնով ես կրկին համակերպվեմ այս նորին, մեկին, որ բույն է դրել իմ մեջ՝ անցյալիս վրա։ Ճոճվում է ներկաս, անցյալս թույլ է, դեռ չի վերջացել, անցյալիս վրա ճոճվում է ներկան, գրողը տանի՛, օտար այս նոր ես ին ես ինչպե՞ս ձուլվեմ, եթե իմ մեջ ծարավ է հոգիս չվերջակետված մի պատմության , չվերջակետված մի էջին՝ անցյալում թողած Ծարավ է հոգիս հնին, անցյալին։ Ես ինչպե՞ս ու ի՞նչ գնով ձուլվեմ այս նորին, ներկային, այսքան խորդ ու օտար,այսքան սառն ու ամայի:


Շուրջս ամեն բան պրծել է, չկա։ Քամվում եմ ասես, քամվում ու խեղդվում ու նորից, ա՜խ, նորից դժվարանում եմ շնչել, պակաս է շունչս,և նորից պակաս է մի բան, գուցե անտեղի քո բացակայություն է սպանում հոգիս կամ գուցե այն միտքն է կախվել իմ մտքից , որ էլ չկաս ու չես լինելու։ Չներկայությունդ ինչպե՞ս ներեմ, չե՛մ ների։ Ես չեմ ներում, ես չեմ անում ոչինչ, ես անկարող եմ, պոկել ես ոտքերս քո հեռացումով,պոկել ես թևերս, սիրտս, հոգիս,պոկել ես ամեն բան քո հեռացումով, ու անկարող մի մարմին ես թողել, ու ոչինչ ավել, մարմին, որ այս դատարկ նոր ցավից, ջիլաձգվում է, պոկվում ու մասնատվում ներսից :
Ես անկարող եմ, էլ առաջվանը չեմ, իմ մեջ ինձանից ոչինչ չկա, չկա ոչինչ ավելին, ես անկարող եմ, ես ինչպես ….
Չէ՛, չեմ կարող, ների՛ր , ոչ թե չեմ ուզում կամ ցանկություն չկա, այլ չեմ կարող, մասնատված հոգով ներել ու ներել, չէ՛, ներել այլևս չի ստացվում, չեմ կարողանում, անկարող եմ ես։
Չկա ոչ պատճառ ու ոչ էլ կարողություն ինչ-որ տեղ քո բացակայությունը ներելու համար :





Եվ թվում է նորից հայացքս ինչ-որ կերպ փայլում է ծիծաղից, նորից թվում է երևի կամ գուցե ոչ, քեզ տեսնելու սպասումս այնքան մեծ էր, որ գուցե սպասումից հոգնած հայացքիս մեջ  իրականացված քո վերադարձից հայտնվել են փայլ, լույս կամ, չգիտեմ, այն,  որ փոխվել ենք արդեն, վստահաբար եմ ասում, փոխվել են իրոք, և մեզանից ոչինչ չի մնացել մեր մեջ, և դա այնքա՜ն խորն է բաժանում մեզ, այնքա՜ն խորն ու օտար է այս բաժանումը ...........
Եվ նորից հայացքս խամրեց՝ կորցնելով աչքերիս մեջ մի քանի վայրկյանով հայտնված այնքա՜ն թանկ ու տաք լույսը , կորցրեց նորից ...........
Չէ՞ որ փոխվել ենք այնքան, որ թվում է, թե քո բույրը, անգամ, քո այդ ծանոթ հոտը անծանոթ է, ես չգիտեմ՝ ինչպե՞ս վարվեմ, ես այս անծանոթ քո հայացքի հետ չգիտեմ՝ ինչպե՞ս վարվեմ, իմ այս անծանոթ նոր հոգու հետ չգիտենք՝ ի՞նչ անել, դժվար է, հավատա՛:
Եվ մենք մոտիկ ենք իրար, նույնքան մոտիկ, որքան առաջ իրարու մեջ, սակայն անծանոթ ենք,  թե՛ ես, թե՛ դու՝ անծանոթ, որ չգիտենք՝ ինչպե՞ս սկսենք խոսել, արդարանալ, ու չգիտենք նաև թե ինչի՞ համար ;
Չկաս  դու, և չկամ նաև ես, ու մենք չկանք, կան լոկ մարմիներ , ծանոթ մարմիններ ու հայացքներ ,սակայն անծանոթ հոգիներով, ու մեզ բաժանում է, բաժանվում ենք, չէ՞ որ փոխվել ենք, այլևս չկան հոգիները մեր։
Կան ինձ ու քեզ ծանոթ հայացքներ,սակայն հոգիները մեր նորն են ու անտաբեր իրարու հանդեպ:



Ինձնից իմ մեջ ոչինչ չմնաց ,դատարկ եմ հնից, իսկ նոր, այս նորը, որին հագել է մարմինս, այնքա՜ն խորդ է ու օտար, այնքա՜ն գորշ ու անտաբեր ................
Ես ինչպե՞ս ..................................

No comments:

Post a Comment