Wednesday 1 March 2017

Մնա ՛




Գիշերը սպասումից մազերիս ծառեր ծլեցին
լուսաբացին ծաղկեցին
առավոտյան կանաչեց գարունս
հետո ծաղկիներ դուրս եկան .
Հայլու մեջ ես ինձ տեսա
բնություն էի
աչքերիս տեղը ծովեր էր մեծ
շուրթերս լեռներ էին հաստ ու չոր
ճակատս հովիտներ
իսկ արձունքներս արահետներ
որոնք իջնում էին բերանիս
բերանս դուռ էր դեպի ներս
իսկ ներսում մի ամբողջ եղանակ .

Հետո տեսա մաշկս
այն հող էր թաց
իսկ մատերիս տեսա կանաչ խոտեր
իսկ ափերիս մեջ ծաղկունք էր գունեղ
մաշկս սիրուն էր
թաց
ասես հալոցքեր ներսից ու դրսից
ու մի հսկայական հալոցք
քեզ էի դուրս թողնում երակներից
աչքերից ու մաշկից
հոտդ օդին էի տալիս .

Քեզ էի դուրս հանում քո տնից
ու ծածկվում գարնան մեջ
կորում
կծկվում ծաղկունքի մեջ
ու ապրում աշխարհից դուրս ու ամենից հեռու .

Հետո տեսա որ կարոտում եմ
աչքերս ամպեր կապեց
սկսեց անձրևել
ձյուն եկավ թեթև
հետո քամի էր մի պահ ուժեղ
իսկ հետո հով էր .
հետո
հետո
հետո
սառեց ամեն ինչ
ծնվեցին սառցե լեռներ
ժայռեր ծածկված ձյան հաստ շերտով
հետո զգացի ցուրտ էր ահագին .

Հետո ծխեցի
գունավորվեց ծառերը գլխիս
անձրևները չէին դադարում
ու չէին գնում
աչքերից մի պահ արև դուրս եկավ
հետո ծիծան
իսկ քամին սառն էր
աշուն էր եկել վրաս
հեռացա փախա.
Օդից աշուն  էր կախված ու քո հոտը.

Հետո ներս գնացի դեպի ներս
տեսա քեզ նստած իմ մեջ
լավ տեղում էիր ու պաշտպանված
պոկել չէր լինում .
ներսից տեսա թե ինչպես եմ չվում
երկնքում էի ներսի ու սավառնում էի
ագռավի նման սև էի բայց չէի կռկռում
չվում  էի  գիտես
բայց ագռավները չեն չվում
բայց ես փախչում էի իմ ներսից
ու քեզանից
բայց գալիս ու բախվում էի պատերիս
ու դուրս չէի պոկվում .

հետո արթնացա փաստորեն գարուն էր դրսում
իսկ այնտեղ երազներում ամեն մի տեսակ եղանակ ու դու .
տանս պատուհանին ծվարած թռչուներ տեսա
հաճելի էր ձայնը նրանց .
նայեցի կողքիս ու քեզ չտեսա
հետո գնացի հայելու առաջ մտա աչքերիս մեջ
ես տխուր եմ
լուսաբացին անքուն
առավոտյան անզգա
ցերեկներում հոգնած
երեկոներում հարբած
իսկ գիշերներում
ախ գիշերներում ավելի խորն է մենությունը ....
Անտանելի ու չլցվող .

Եվս մեկ անգամ արթնացա
դու նորից չկաիր
հետո էլի չկաիր
հետո էլի չկաիր
այդպես էլի չկաիր .

Գարունը եկավ չկաիր
գնաց գարունը չկաիր
ատում եմ ամռները ու արևը
այնտեղ նույնպես չկաիր
աշնան գալուն պես դու դարձյալ չկաիր
ձմռան ցրտին էլի չկաիր .

Եվ ես կառուցել էի մի տուն
քեզ համար
ու
ինձ

Տունը մաշկ ուներ
երակներ ու աչքեր
պատերը նուրբ էին
սենյակներ չկաին
միջացքներ չկաին
ու դուռ չկար
ներս մտնելու պես դուռը կորցրեցի  էի
որ էլ չգնաս
ու էլ չգնանք .
Հայելու մեջ նայեցի աչքերիս մեջ մտա
տունը տեսա
քեզ տեսա
ու ինձ
մենք այնտեղ էինք ներսում
դուռը չկար
և ոչ մի սենյակ
տեսա քեզ մաշկդ պատված էր ծաղիկներով
մազերդ կանաչ էին
ու ափերիդ մեջ գարուն էր
ես հող էի
կպած քեզ .
իսկ վերևում արև կար .

Ես թողեցի քեզ ու ինձ այնտեղ
ու դուրս եկա
հետո ինքս ինձ թողեցի ու հեռացա .

Բարով մնա ՛ իմ ներսում ..

չէ որ դա տաք տուն է ու անկողին ...















No comments:

Post a Comment